Գիորգի Ձնելաձե — «Coalition for Independent Living» ՀԿ-ի նախագահ, «Georgian Wheelchair Workshop»-ի հիմնադիր, Թբիլիսի, Վրաստան
Գիորգին 62 տարեկան է և սերում է Թբիլիսիից։ Որպես ակտիվիստ՝ նա 1989 թվականից պաշտպանում է հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքները։ Նա նաև ղեկավարում է «Coalition for Independent Living» հասարակական կազմակերպությունը։ Չնայած իր տարիքին և ֆիզիկական վիճակին, նա շարունակում է պայքարել, որ Վրաստանում հաշմանդամություն ունեցող մարդիկ դիտվեն որպես հասարակության հավասար անդամներ։ Պատանեկության տարիներին ողնուղեղի վնասվածք ստանալուց հետո Գիորգին սայլակից կախված է մնացել։ Կյանքում նա բախվել է բազմաթիվ դժվարությունների, սակայն հաջողությամբ հաղթահարել դրանք։ Տարբեր նախագծերի շրջանակում Գիորգին նաև սկսեց սոցիալական ձեռնարկատիրությամբ զբաղվել։ 2009 թվականին հիմնադրեց «Georgian Wheelchair Workshop»-ը՝ ցանկանալով Վրաստանում ստեղծել վայր, որտեղ հաշմանդամություն ունեցող մարդկանց համար հասանելի կլինեն բարձրորակ ապրանքներ՝ հաշմանդամային սայլակներ, թեքահարթակներ և այլն։ «Georgian Wheelchair Workshop»-ը տեղական առաջին ձեռնարկությունն է, որն ապահովում է անհատականացված հաշմանդամային սայլակներ և այլ օժանդակ պարագաներ։ Այն նպատակ ունի աշխատանք տրամադրել հաշմանդամություն ունեցող մարդկանց և նպաստել նրանց սոցիալականացմանը։ Այսօր ձեռնարկությունը ղեկավարում է Գիորգու որդին, իսկ Գիորգին ինքը խորհրդատու է և շարունակում է աշխատել հաշմանդամություն ունեցող մարդկանց մարդու իրավունքների ոլորտում։




